Հումանիտար օգնության արգելակումը Լաչինի միջանցքում ունի իր քաղաքական հետևանքները: Իմ կարծիքով՝ սա առաջին հերթին տապալեց Ալիևի ծավալած քարոզչությունը, թե իբր միջանցքը բաց է: Հայկական կողմից ճիշտ էր եվրադիտորդներին և դեսպաններին այնտեղ տանելը:
Երկրորդ՝ ռուսական խաղաղապահ միսիան հեղինակության կորուստ ունեցավ, ստացվեց, որ այն անկարող է տվյալ իրավիճակի հանգուցալուծումը գտնել:
Երրորդ՝ ինչ-որ տեղ հնարավորություն տրվեց Բաքվին շրջանառության մեջ դնել Աղդամի ճանապարհի գաղափարը և մեղադրել հայկական կողմին դեպի Քելբաջար ճանապարհը փակելու համար: Նույնիսկ Ալիևը Շուշիում հարցադրում էր անում՝ ով ում է բլոկադայի ենթարկել:
Չորրորդ՝ Հայաստանն ստացավ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու առաջին հետևանքը. որպես սուվերեն պետություն, իր տարածքում և նրա սահմաններին, Ադրբեջանն է որոշում բեռների և մարդկանց տարանցման բոլոր ձևերն ու միջոցները: Այսինքն, մեռնեմ հենց այն միջազգային օրենքներին, որոնց ամենից հաճախ են հղում անում բոլորը:
Հինգերորդ՝ Ալիևը մեկ անգամ ևս ի ցույց դրեց արտաքին և ներքին քաղաքականության ոլորտներում իր ուժն ու հաստատակամությունը:
Վեցերորդ՝ առաջին անգամ թաքուն, առանց բարձրաձայնելու, օրակարգ բերվեց «Միջանցք՝ միջանցքի դիմաց» բանաձևը, որպես Արցախի հայությանը սովից փրկելու միակ միջոց:
Յոթերորդ՝ Նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունները դե ֆակտո այլևս չեն գործում:
Ութերորդ՝ սահմանագծման գործընթացը մեկ անգամ ևս մտավ փակուղի:
Իններորդ՝ քաղաքական ճգնաժամ առաջացավ Արցախի իշխանության ներսում:
Տասներորդ՝ Բրյուսելյան, Վաշինգտոնի և Մոսկվայի բանակցային երեք հարթակներն էլ հեղինակության լուրջ կորուստ ունեցան:
Գարիկ Քեռյան